«Ես նախանձավոր Աստված եմ, իմ փառքը ուրիշին չեմ տա». Կտակարանի այս տողերը հետևյալ միտքը հուշեցին. «Փաշինյանին ժողովուրդը որպես տեր ու փրկիչ ընդունեց, հետո նա ինքը Վատիկանում հայտարարեց. «Ես Քրիստոսի պես եկել եմ՝ սեր եմ քարոզում»։ Ցավոք, հայ ժողովրդի զգալի հատվածը 2018-ի մայիսին իր «հավատքը» փոխեց, մինչդեռ Կտակարանում հստակ ասված է. «Պաշտիր Արարչին և ոչ թե արարվածին»։ Արարվածին հուսացին, արարվածն էլ դավաճանեց։
Ճիշտ ժամանակն է արթնանալու և հասկանալու, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ-թուրքական պատերազմի առանցքը եղել և մնում է հոգևորը։ Ինչու՞ հային ոչնչացնելու թուրքի դարավոր երազանքը կիսատ է մնացել, որովհետև հայ մարդը միշտ հուսացել է Արարչին։ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել երկրի ղեկավար, որ իրեն նմանեցնի կամ համեմատի Քրիստոսի հետ և դրանով իսկ ծաղրի քրիստոնեական հավատքը։ Ո՞վ է, որ միշտ ձգտում է նմանեցնել իրեն Քրիստոսին... Ինչպես Կտակարանում է ասվում. «Ականջ ունեցողը կլսի, աչք ունեցողը կտեսնի»։
Ի՞նչ կատարվեց այս 2 տարի 7 ամսում։ Իշխող կուսակցությունը Գյումրիից քայլելով եկավ և, ժողովրդի սրտից ջուր խմելով, խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Եվ քանի որ ժողովուրդը իսկապես զզված էր նախկին իշխանություններից, միտինգներում յուրաքանչյուր ասված խոսք հալած յուղի տեղ ընդունեց, անգամ «մեր փրկիչ» բնորոշումը ժողովրդի սրտով եղավ։ Բարի նպատակների անվան տակ սկզբում կազմալուծեց և զինաթափեց «Երկրապահ» կամավորական միությունը, Արցախն ազատագրած հերոսները մի գիշերվա մեջ դարձան թալանչի, ծաղր ու ծանակի առարկա։ 2 տարի 7 ամսում կոռուպցիոներներ դարձան գիտնականներ, բժիշկներ, ուսուցիչներ, ճարտարապետներ, շինարարներ, բոլորը, բոլորը... Արդյո՞ք պատահական էր, որ տարի ու կես առաջ Ալիևը իր հարցազրույցներից մեկում մատնանշում էր, որ Հայաստանում ընթացող գործընթացները փաստում են, թե Հայաստանի բոլոր իշխանությունները կոռումպացված են եղել, և Հայաստանը կոռումպացված երկիր է։ Այս ամենը նա ասում էր՝ մատնանշելով Հայաստանում ընթացող գործընթացները։ Արդյո՞ք այդ գործընթացները բարձրացրին Հայաստանի վարկանիշը։ Գուցե որոշ մարդկանց գրպանները ճռճռան գումարներ մտան դրամաշնորհների տեսքով, սակայն այն, որ այդ ամենը գցեց Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում, միանշանակ է։
Հաջորդ հարցը, որի մասին արժե, որ մեր հասարակությունը մտածի՝ ինչու՞ բոլոր կառույցներում փոխվեցին կադրերը` ղեկավարից մինչև հավաքարար։ Աշխատանքից հեռացվեցին պետական ծառայողի մեծ փորձ ունեցող մասնագետները, ովքեր իրենց լուրջ ավանդն են ունեցել Հայաստանի և Արցախի զարգացման ու ամրապնդման գործում։ Պատասխանը պարզ է. այդ կադրերը ունեին բարոյական սանդղակ, որից այն կողմ չէին անցնի։ Եվ այս մարդկանց պետք էր փոխարինել այն կադրերով, ովքեր չունեն սրբություններ, ում համար հայրենիքը սկսվում և վերջանում է ԱԺ-ի դռների բռնակներով։ Ովքեր, ինչպես ասվում է Կտակարանում, «Աստծուն Աստծու տեղ չընդունեցին, և Աստված էլ նրանց մատնեց անհագ կրքերի»։ Ո՞վ էր երբևէ տեսել, որ ՀՀ նախագահը կամ վարչապետը ԱԺ-ի բարձր ամբիոնից հայտարարի. «Ես կանգնած եմ սեռը փոխած այս մարդու թիկունքին»։ ՈՒ՞մ թիկունքին՝ Մել դարձած նախկին ծանրորդ(ուհի) Մելինե Դալուզյանի՞։ Այո՛ կար ժամանակ, որ Հայաստանում հայտնվել էր համասեռամոլների ցուցակ, սակայն նախկին իշխող կուսակցությունը չասաց. «Ես կանգնած եմ համասեռամոլների թիկունքին», որովհետև այդ նույն իշխանության ներսում չէր խրախուսվում համասեռամոլությունը, պահվում էին քրիստոնեական արժեքները։ Մինչդեռ երկու տարուց ավելի է Հայաստանում զարկ է տրվում գենդերային ծրագրերին, ամբողջությամբ խեղաթյուրվում են հայրենիք, պատիվ, ընտանիք հասկացությունները։ Սա պատահականությու՞ն է, թե՞ հային հայի կերպարից ու արժեքներից զրկելու և նոր հայի տեսակ ստանալու մտածված քայլ։
Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունը երկու տարուց ավելի պայքարում է կոռուպցիա կոչված չարիքի դեմ։ Մենք մեր հոդվածներում բազմիցս առաջարկել ենք իշխանությանը՝ հավաքել բոլորին, ներկայացնել հաստատված խաղի նոր կանոնները և այն, ինչ գողացված է, առանց շոուի վերադարձնել պետբյուջե, պատժել նրանց, ովքեր կփորձեն խախտել խաղի նոր կանոնները։ Ցավոք, որտեղ չկա շոու, այնտեղ նոր իշխանությունները անելիք չունեն՝ իրենց սրտով չէ։ Բնականաբար, որտեղ շոու, այնտեղ հորինվածք ու երևակայության խաբկանք։ Արդյունքում՝ ժողովրդի մի զգալի մասը երևակայական նոր փրկիչ ունեցավ, և նրա աղոթքները տհաճ եղան Աստծուն, որ սուտն ու կեղծիքը դաժան դատաստանի արժանի հանցանք է համարում։ Սուտը քանդեց մեր տունը։ Սուտը ատելություն սերմանեց հանրության ներսում։ Ստի արդյունքում հողերը հանձնվեցին և մինչ օրս հանձնվում են ադրբեջանցուն։ Օր առաջ պետք է արթնանալ և վերջ դնել երևակայություններին, ստին։ Սուտ աստվածները երբևէ ի զորու չեն եղել ու չեն կարող ստեղծագործել և արարել հանուն զարգացման։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ